Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԶՈՒԼԱԼ ՄԻ ԱՂԲՅՈՒՐ ԷԼ ԵՐԳԻ ՇԱՀԵՆՆ Է

ԶՈՒԼԱԼ ՄԻ ԱՂԲՅՈՒՐ ԷԼ ԵՐԳԻ ՇԱՀԵՆՆ Է
18.12.2009 | 00:00

Ժամանակի մեջ պիտի խոնարհվի-հոլովվի, մնջվի ու փնջվի հարցը` որտեղի՞ց է գալիս հայոց մեղեդին։ Առվակի, գետակի, գետի նման ամեն ինչ մեզանում սկիզբ-ակունք ունի։ Բառի՛ նման։ Սիրո՛ նման։ Բառը պիտի խաղաղ լինի։ Խոսքը պիտի սեր լինի։ Էն կռիվն էլ պիտի արդար լինի։ Եթե ամեն ինչ էսպես է, ուրեմն` հայոց ամեն ինչի սկիզբը` բառից, մեղեդուց, սիրուց մինչև կռիվ, ամեն ինչը` հողը, երկիրը, բարբառը, տունը, անունը պահելու պատվաբեր կռիվ, գալիս է մեր վիպերգից։ Եվ հարյուրամյա գուսան-երգիչ-բանաստեղծ Շահենն է գալիս մեր էպոսից` սերը էպոսածին է, կռիվն էպոսական է, նրա ապրած կյանքը որոնում է, սեր ու կրակ է, եզերքի կանչ է։ Մենք մեր էպոսում մի զուլալ, զորեղ գետ ունենք, որը կտրում-անցնում է պղտոր հեղեղատը։ Մեր գուսանները, մեր աշուղները` իրենց խոսքերով, մեղեդիներով հիշեցնում են մեր վիպերգի գետը։ Մեկիկ-մեկիկ կարելի է ցույց տալ հայոց անմահական աղբյուրները և, ինչու ոչ, աղբյուրածին առվակները, գետառները։ Տեսնողներն են վկայում, որ բանաստեղծ, երգիչ Շահենը հաճախ էր լինում իր ծննդավայր Կրասարում, սարերն էր բարձրանում, նայում սարակն, ձորակն աղբյուրներին ու իր նոր երգերը լսելի դարձնում հայրենի եզերքին։ Էստեղի ջրերը լավ լսողություն ունեն, լավ լսողություն ունեն թռչունները, որ լսում էին երգչին ու թափահարում թևերը։ Սա մարդու և բնության եզակի դաշնություն էր։ Շահենը նախ իր տոհմի մատենագիրն էր։ Հոր Մուշում, մոր Սասունում գուսանի ցեղի անունը փառքով են պսակել նշանավոր ֆիդայիները և ոչ պակաս նշանավոր աշուղները, երգիչները։ Չենք ասի, թե խաղաղ պայմաններում ապրեց ու ստեղծագործեց մեր նշանավոր աշուղը` ծնված էպոսից, ժողովրդից, Սայաթ-Նովայից ու Ջիվանուց։ Տոհմականչը նրան արթուն էր պահում։ Հայրենական պատերազմի մասնակիցն իր հավատավոր էջն ունեցավ Արցախյան գոյապայքարում։ Գուսաններին` էպոսաճյուղերից, միջնադարից, Սայաթ-Նովայից, Ջիվանուց մինչև... Երգիչ Հայրիկ (Ղազարյան) ու ավելի նորերը, պիտի պաշտենք։ Նրանք են մեր հերկի, մեր երգի, մեր հավատի ու սիրո աղոթատները։ Նրանց մեջ ու ժողովրդի հետ` ընտիր բանաստեղծ ու աշուղ, երաժիշտ, երգիչ-աստվածատուր ձայն, կորուսյալ երկիր որոնող ու Աշոցքի պատկերներով ծարավը մի կերպ հագեցնել փորձող, մշակույթի նվիրյալ, երգիչ-երգահան Շահենը։ Հարյուրամյա աշուղի մասին ջերմիկ խոսք ասացին նրա դուստրը` հայոց երգարվեստով ապրող աշուղագետ, կոմպոզիտոր Էլինար Շահենը, գրականագետ Կարո Վարդանյանը։ Այո՛, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Սայաթ-Նովա» մշակութային միությունը վերջին տարիներին հրաշալի, պարզապես ազգային-մշակութային գործ են անում` նաև նշելով մեր մեծերի հոբելյանները։ Կասեի` հերթական էս միջոցառումը զուտ հարգանքի տուրք չէր։ Էստեղ արժե հիշել հայերենում շողշողացող ծանրակշիռ մի բառ` առհավատչյա։ Եվ էդ բառը հիշեցնողն է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, որի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանն է, գործիքային մասի ղեկավարը` վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը։ Անսամբլը` խմբերգային և անհատ կատարումներով, հուզեց ու գրավեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքված շահենասերներին։ Զորավոր էս անսամբլը համերգին մասնակից էր դարձրել ճանաչված երգիչներ Սուսաննա Սաֆարյանին, Մանիկ Գրիգորյանին, Աստղանուշին, Հասմիկ Եղիազարյանին, Գայանե Եսայանին, Սիլվա Մաթևոսյանին։ Անսամբլի հետ դահլիճում հավաքված արվեստասերները պարզապես հիացան Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան, դեռ պուճուրիկ Լուսինե Հարությունյանի գեղեցիկ, հասուն կատարումով (դասատու` Արթուր Մնացականյան)։ Լեցուն երեկո էր, մեզ հագեցնող համերգ էր` հեռու աստղային մարմաջից, մոտիկ` հոգուն ու սրտին, հողին։ Նաև լուր առանք, որ շուտով լույս կտեսնի Վարպետի նոր գիրքը։ Սա «տեղեկանք» է, որ ներկայացնում եմ մեր թերթի ընթերցողներին, գուցե մի բան էլ պակաս լինի, ոչ դիտավորյալ մոռացված, բայց արժե շեշտել, որ Շահենական լիաբուռն համերգ-երեկոյի հովանավորն էր Վարդան Հայրապետյանը։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3244

Մեկնաբանություններ